Պատմություն

Քոլեջի պատմությունը

Երևանի պետական հումանիտար քոլեջի պատմությունը սկիզբ է առել նախորդ դարի վերջին քառորդում և եկել հասել է 21-րդ դար։ Ուսումնական հաստատությունը ապրել է 130 տարվա մի կյանք։Առաջին շրջանը ստեղծման օրից մինչև 1918 թվականն է։ 1881 թվականից Ցարական արքունիքի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի ուսուցչական սեմինարիան պետք է իրագործեր կարևորագույն մի խնդիր` պատրաստել ռուսաց լեզու և մշակույթ դասավանդող առաջավոր մտավորականների ջոկատներ։ Առաջին աշխարհամարտի տարիներին սեմինարիան տեղափոխվում է Ռուսաստան` Արմավիր, և բավական ուշ կրկին վերադարձվում Հայաստան։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը վերաբացում է ուսումնական հաստատությունը` ՙՌուսական մանկավարժական ուսումնարան՚ անվամբ, որին անցնում են Երևանի ուսուցչական սեմինարիայի ունեցվածքը, ուսումնական պլանները, ծրագրերը, կառուցվածքը և ամենակարևորը` ռուսաց լեզու դասավանդող կադրեր պատրաստելու նրա խնդիրները։

Ռուսական մանկավարժական ուսումնարանը մի քանի բաժանմունք և ավանդույթներ ունեցող հաստատություն էր, և այդպիսին էլ մնաց մինչև 1991 թվականը, երբ Անկախության ճանապարհ բռնած Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը Բրյուսովի անվան օտար լեզուներին կից ստեղծված ՙԻնտերլինգվա՚ քոլեջի և Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանի լուծարումով և միացումով ստեղծեց խիստ արդիական մի ուսումնական հաստատություն, որն այսօր հայտնի է Երևանի պետական հումանիտար քոլեջ անվամբ։ Սա ՀՀ առաջին քոլեջն էր։

Իբրև նորագույն ժամանակների ծնունդ, քոլեջի ղեկավարությանը թույլ էր տրվել ինքնուրույնաբար հետազոտել մեր հանրապետության զարգացման ռազմավարությունը և հասարակական պահանջներին համապատասխան առաջարկել, արմատավորել և դնել մի շարք նոր մասնագիտությունների հիմքը։Քոլեջի մշակած մի շարք ուսումնական պլաններ և բազմաթիվ առարկաների ծրագրեր ներդրվել են հանրապետության այլևայլ քոլեջներում։ Քոլեջն այս տարիների ընթացքում ստեղծել է հզոր գրադարանային ‎ֆոնդ. Ռուսաստանի,Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի տարբեր հրատարակչություններից գնել ենք ուսուցման ժամանակակից մեթոդներով կազմված բազմաթիվ դասագրքեր։ Այսօր հումանիտար քոլեջն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում օտար լեզուների քաղաքականության ձևավորմանը։ Վերջին տարիներին մեր հանրապետությունում կազմակերպված միջազգային խոշոր միջոցառումներն ընթացել են հումանիտար քոլեջի սաների անմիջական մասնակցությամբ` Համահայկական I և II խաղեր, ՙՔարերի երկիր՚ տուրիզմի երեք միջազգային և այլ տարբեր ցուցահանդեսներ։ Քոլեջի գործունեության արդի փուլում դասախոսների ընտրությունը և որակավորման բարձրացումը կարևոր հարցերից մեկն է։ Մշակվել և իրագործվում է բազմամյա մի ծրագիր, որի նպատակն է խորացնել դասախոսների մեթոդամանկավարժական կարողությունները։ Քոլեջում մեծ տեղ է հատկացվում արտալսարանային աշխատանքին։ Միջոցառումները, որոնք նվիրված են ականավոր մարդկանց, հիշարժան իրադարձություններին, քոլեջում ստացել են ավանդույթի ուժ և ուսուցմանը զուգընթաց իրագործում են դաստիարակչական աշխատանքներ։ Քոլեջում ստացած տեսական գիտելիքները կյանքի ուժ են ստանում և հիմնավորվում են պրակտիկայի ընթացքում. մի գործընթաց, որ նպատակային և բարեխղճորեն է կազմակերպվում մեր քոլեջում` շնորհիվ ԿԳՄՍ նախարարության, Զբոսաշրձության կումիտեի, մշակույթի օջախների, բանջարանների, բանկերի և Արխիվային վարչությունների, մի շարք նախադպրոցական հիմնարկների և դպրոցների:‎ Քոլեջում 2018 թվականից իրականացվում է Դուալ կրթական ծրագիրը։

Ամեն տարի քոլեջում անցկացվում են գիտական կոնֆերանսներ, օլիմպիադաներ, որոնք փորձում են մեր համակարգում բարձրացնել ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների մակարդակը։ Քոլեջում հանրապետության մյուս քոլեջների դասախոսների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ հայերեն, անգլերեն, ռուսաց լեզուների, հայոց լեզու և խոսքի մշակույթ առարկայի վերաբերյալ ինտերակտիվ դասավանդման մեթոդներով։ Դասընթացներն անցկացրել են այն դասախոսները, որոնք իրենք են անցել վերապատրաստման դասընթացներ հանրապետությունում և հանրապետությունից դուրս։

Translate »